Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին Վանաձորում։ Իրավաբան է, մարդու իրավունքների պաշտպան և քաղաքական գործիչ։
Սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ԱՄՆ Մինեսոտայի համալսարանում, ինչպես նաև անցել է մասնագիտական ծրագրեր Վարշավայում, Ստենֆորդում, Միացյալ Թագավորությունում և Հարվարդ Քենեդի դպրոցում։
2001 թվականից ներգրավված է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում։ Աշխատել է որպես փաստաբան, իրավախորհրդատու և իրավապաշտպան՝ վարելով ռազմավարական դատավարություններ ինչպես Հայաստանի դատարաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
2012-ից 2021 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, իսկ յոթերորդ գումարման Ազգային ժողովում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար։ Ներկայացրել է Հայաստանը միջազգային խորհրդարանական կառույցներում, այդ թվում՝ ԵԽԽՎ-ում և Հայաստան-Եվրամիություն համագործակցության հարթակներում։
2022-ից 2024 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ 2015 թվականից «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահն է։
Ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, գիտական և իրավական մի շարք հոդվածների ու զեկույցների հեղինակ է։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։